Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգված հատվածը շահագործումից ընդամենը 6-7 ամիս անց քանդվում է։ Նախորդ տարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցված ճանապարհի ասֆալտաշերտը ճաքճքել ու քայքայվել է, որոշ հատվածներում առաջացել են մեծ փոսեր։ Օրեր առաջ սրա մասին համացանցում գրառում էր արել լրագրող Ալեքսան Սարգսյանը, որն ամեն օր երթեւեկում է վերը նշված ճանապարհահատվածով: Նրա հրապարակումից երկու օր անց հենց այն հատվածներում, որտեղ լուսանկարներ էր արել ու համացանց տեղադրել, փոսալցում է արվել:
Ավելի ուշ լրագրողը հանդես է եկել նոր բացահայտումներով. «Բարեկամնե՛ր, փաստորեն պարզվում է, որ Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհը «մխտրած» ընկերությունը «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն է: Իրականում պատահական ընկերություն չէ եւ ամեն տարի միլիարդավոր դրամների փողոցաշինական ծրագրերի տենդերներ է շահում: Իսկ թե ինչ որակի են կատարում աշխատանքները, ինքներդ համոզվեցիք…»,- ասել է լրագրողն ու հրապարակել ընկերության մասին տվյալներ. ««Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: Ընկերությունը ստեղծվել է 2011-ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է»։
Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ի հետ միայն 2021-ին կնքել են ընդհանուր 4,9 միլիարդ դրամի պայմանագիր։ Արմեն Բադալյանին պատկանող եւ պետական գնումներում հաղթող մյուս ընկերությունը «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2006-ին։ Armeps կայքում պետական մարմինների եւ այս ընկերության միջեւ կնքված պայմանագրեր կան սկսած 2018-ից։ Երեք տարվա ընթացքում կնքվել է 21,3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 23 պայմանագիր։
«Ահա թե ինչպես են մարդիկ մեր հարկերի հաշվին հարստանում»,- եզրափակել է Ալեքսան Սարգսյանը: