Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի լուծումը պատշաճորեն չկատարելը գործնական ազդեցություն կունենա Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա, քանի որ դա պատշաճ չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»,– նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաեւ, որ Եվրամիությունը շարունակում է ուշադիր հետեւել Լաչինի միջանցքում եւ դրա շուրջը տեղի ունեցող զարգացումներին եւ դրանց հումանիտար հետեւանքներին։ Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել բացելու միջանցքը։ Հիմա էլ շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցել Հայաստանին եւ Ադրբեջանին հարաբերությունների փոխընդունելի կարգավորման ուղղությամբ աշխատանքում օգնություն ցուցաբերելու հարցում։
Միաժամանակ ԵՄ բարձր հանձնակատարը շեշտել է, որ Ադրբեջանի հետ 2022-ի հուլիսի 18-ին էներգետիկայի ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կասեցում առաջիկայում չի դիտարկվում: