Եթե անգամ մարդն ունի հարյուրտոկոսանոց տեսողություն, պետք է հետեւի աչքի հիգիենային՝ վարի ակտիվ կենսակերպ, օգտագործի առողջ սնունդ, գաջեթներից օգտվի չափավոր, պարբերաբար բժշկական հետազոտություններ անցնի։ Հաճախ դժվար է երեխայի տեսողության խնդիրները նկատել։ Դրանք ի հայտ են գալիս նախադպրոցական եւ դպրոցական տարիքում բժշկական ստուգումների ընթացքում։
«Ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում տեսողական համակարգի վրա, բայց ամենալավ խորհուրդը, որ կարելի է տալ, հետեւյալն է․ պարբերաբար անցնել ստուգումներ, քանի որ ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել»,- ասում է ակնաբույժ Ալինա Տերտերյանը։
Երբ 50-ն անց մարդը մոտ տարածությունում առարկաներն ավելի լավ տեսնելու համար սկսում է ակնոց դնել, դա բնական փոփոխություն է, որն ի հայտ է գալիս ոսպնյակի ծերացման հետեւանքով․ սա անկանխարգելելի է։ Այսինքն՝ եթե մարդը 50 տարեկանում հեռուն լավ տեսնում է, բայց մոտ տարածությունում տեսնելու համար ակնոց դնելու կարիք ունի, սա համարվում է բնական փոփոխություն, ինչպես որ մաշկն է կնճռոտվում, կամ մազերն են սպիտակում։
Ակնաբույժը բացատրում է՝ կան կարճատեսության բուժման մեթոդներ, այդ թվում՝ լազերային կորեկցիա։ Անշուշտ, աչքի ոչ բոլոր հիվանդությունների դեպքում է ցուցված լազերային կորեկցիան։
Ակնո՞ց դնել, թե՞ դիմել ոսպնյակի վիրաատության
50 տարեկանից հետո առաջացած հեռատոսության դեպքում ամենաարդյունավետ բուժումը ոսպնյակի վիրահատությունն է։
«Կան արհեստական ոսպնյակի տեսակներ, որոնք տեղադրվում են մարդու բնական ոսպնյակի փոխարեն եւ ապահովում մոտն ու հեռուն լավ տեսնելու հնարավորությունը։ Այս պարագայում մարդը պիտի հրաժարվի իր բնական ոսպնյակից, որը պիտի փոխարինվի արհեստականով․․․ Բայց կա նաեւ մեկ այլ մեթոդ, երբ բնական ոսպնյակի վրա հավելյալ արհեստական ոսպնյակ է տեղադրվում։ Իհարկե, ցանկացած վիրահատություն բարդություններ կարող է ունենալ, այդպես է նաեւ այս պարագայում, այսինքն՝ պետք է հասկանալ՝ եթե բուժառուն չի ուզում ակնոց դնել, պատրա՞ստ է արդյոք հետվիրահատական հնարավոր բարդություններին»,- մանրամասնում է Ալինա Տերտերյանը։
50 տարեկանից հետո հեռատեսությունը բուժելու համար կան նաեւ բուժման այլ մեթոդներ, բայց մեծահասակների հեռատեսության պարագայում հիմնականում լավագույն լուծումը ոսպնյակն արհեստական ոսպնյակով փոխարինելը կամ հավելյալ ոսպնյակ տեղադրելն է։ Այսինքն՝ կարճատեսության բուժման պարագայում լազերային կորեկցիան լավագույն մեթոդը չէ։ Այն կիրառվում է երիտասարդ տարիքում մոտն ու հեռուն լավ տեսնելու համար։ Մեծահասակների պարագայում դա չի ապահովում մոտ տարածքը լավ տեսնելու բարձր արդյունք, բացի այդ՝ ամբողջ կյանքի ընթացքում լավ տեսողություն ունենալու երաշխիք չէ։ 50-ից հետո առաջացած տեսողության վատացման դեպքում կա՛մ պետք է ակնոց դնել, կա՛մ դիմել ոսպնյակի վիրահատության։
«Մեր տարածաշրջանում մեծահասակների շրջանում առավել հաճախ հանդիպող աչքի ախտահարումներից է գլաուկոման, որը ներակնային ճնշման հետեւանքով տեսողական նյարդի վնասումն է, որը սովորաբար բուժառուների շրջանում գանգատներ չի առաջացնում։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ հաճախել պոլիկլինիկա եւ ներակնային ճնշմանը հետեւել, որովհետեւ նյարդի վնասումն անդառնալի պրոցես է, հետեւաբար պետք է կանխարգելել հիվանդության առաջացումը»,- նշում է ակնաբույժը։
Ակնաբուժությունը Հայաստանում բավական զարգացած է։ Մեր երկրում այսօր կիրառվում են աչքի հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներ։ Ժամանակ առ ժամանակ Հայաստան են ժամանում անվանի բժիշկներ, որոնք իրականացնում են բացառիկ վիրահատական միջամտություններ։ Իհարկե, կան հիվանդություններ, օրինակ՝ ներակնային ուռուցքները, որոնք հայ մասնագետներն առավել հաճախ խորհուրդ են տալիս բուժել արտերկրում, բայց հիվանդությունների հիմնական մասը բուժվում է Հայաստանում՝ միջազգային ստանդարտների համաձայն։
Ե՞րբ պետք է անհապաղ դիմել ակնաբույժի
Եթե աչքից արտադրություն կա, աչքում օտար մարմին ունենալու զգացում, աչքը պղտորված է կամ ցավում է, պետք է անհապաղ դիմել ակնաբույժի եւ հետազոտություն անցնել։ Կան աչքի, այսպես կոչված, ժառանգական հիվանդություններ։ Նրանք, ում ընտանիքում կան այդպիսի հիվանդություն ունեցողներ, պետք է է՛լ ավելի աչալուրջ լինեն եւ նախապես հետազոտվեն, նույնիսկ գանգատներ չունենալու պարագայում։
Մեր տարածաշրջանում աչքի ժառանգական հիվանդություններից ամենատարածվածը կերատոկոնուսն է։ Այս հիվանդությունն առավել տարածված է հին ազգերի՝ հայերիս եւ հրեաների շրջանում։
«Այս հիվանդության հիմնական ախտանշանը հետեւյալն է․ մարդն օրվա տարբեր ժամերի տարբեր որակի տեսողություն է ունենում՝ աղավաղված տեսողություն կամ առարկաները տեսնում է ասես ապակե տարայի միջով։ Այս հիվանդությունն առաջանում է 17-18 կամ 20-21 տարեկանների շրջանում։ Երիտասարդների տեսողությունը կարող է միանգամից վատանալ։ Նման դեպքերում մարդը պետք է հրատապ դիմի բժշկի։
Գլաուկոման եւս ունի ժառանգականության գործոն։ Եթե ձեր ընտանիքում կան նման հիվանդություններ, զգո՛ն եղեք եւ հետազոտվե՛ք»,- ասում է Ալինա Տերտերյանը։
Խորհուրդներ ակնաբույժից
Լավ տեսողությունը պետք է պահպանել։ Իզուր չէ, որ մի թանկ բան պահպանելու մասին խոսելիս ասում են՝ «աչքի լույսի պես է պահում»։ Տեսողությունը պահպանելու կամ արդեն եղած խնդիրների խորացումից խուսափելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ ունենալ, հրաժարվել վատ սովորություններից, ֆիզիկական ակտիվ կյանք վարել, լավ սնվել։ Մասնագետը խորհուրդ է տալիս երբեմն նաեւ ձկան յուղ օգտագործել։ Իսկ թե ինչ հաճախությամբ կամ չափաբաժնով, դա կարող է խորհուրդ տալ նաեւ տեղամասային բժիշկը։
Ձկան յուղի պարբերաբար օգտագործումը մեր օրգանիզմի համար անհրաժեշտություն է։ Այն դրական է ազդում ոչ միայն տեսողական, այլեւ մյուս, հատկապես սրտանոթային համակարգի վրա։
«Տեսողության խնդիրներից խուսափելու համար առանձին խորհուրդներ կտամ հատկապես երեխաներին։ Հարկավոր է դասերը սովորել լուսավոր սենյակում, կարդալիս գիրքը պահել աչքերից 30-40 սանտիմետր հեռու, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ մի քանի րոպե ընդմիջում տալ, հեռուն նայել, մութ սենյակում հեռախոսով շատ չզբաղվել, տրանսպորտում գիրք չկարդալ։ Անհրաժեշտ է դրսում հաճախ զբոսնել, բակում խաղալ՝ արեւի ճառագայթների միջոցով վիտամին D ստանալու նպատակով, պարբերաբար թերապեւտի մոտ ստուգվել ու վիտամին D-ի պակասի դեպքում լրացնել դա։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, տեսողության խնդիրներից խուսափելու միակ ու ստուգված մեթոդը պարբերաբար ակնաբույժի այցելելն է»,- եզրափակում է ակնաբույժ Ալինա Տերտերյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։