Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաեւ Երեւան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձ, նրանց թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:
Դրա մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նա հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին, բացի ՀՀ քաղաքացիներից, մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երեւան համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: «Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, նրանց թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,- հավելել է Դավթյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանում ՌԴ քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի: «Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, եւ օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, եւս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,- նշել է Դավթյանը: