Մինչեւ տարեվերջ Երեւանի հասարակական տրանսպորտն ամբողջությամբ կանցնի միասնական տոմսային համակարգի։ Ընդ որում՝ այս պահին ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում, եւ կրկնակի գանձում չի լինելու։ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ քաղաքացին 100 դրամով հնարավորություն է ունենալու A կետից B կետ հասնել, եթե անգամ ընթացքում ստիպված լինի փոխել տրանսպորտը։
Հասարակական տրանսպորտի սպասարկման համար ներկա պահին երթուղիներում գործում է մոտ 800 ավտոբուս։ Դրանցից 548–ը նոր ձեռք բերված Zhongtong եւ MAN մակնիշի (եւս 30–ը կլինեն մինչեւ տարեվերջ), մնացածը Higer մակնիշի (մանուշակագույն) ավտոբուսներն են։ Քաղաքապետարանը նախատեսում է մոտ ժամանակներում փոխարինել նաեւ արդեն հնացած (Higer) ավտոբուսները: Նախատեսվում է դրանց փոխարեն ձեռք բերել էլեկտրաավտոբուսներ։ «Արդեն իսկ բանակցում ենք, սա նշանակում է, որ հնարավորինս շուտ ենք ուզում անել դա։ Կարծում եմ` մոտակա երկու տարիների ընթացքում 250 էլեկտրաավտոբուս կունենանք Երեւանում, բայց դա` ամենաուշը, քանի որ արդեն հմտացել ենք ավտոբուսների ձեռքբերման մասով, կարծում եմ` արագ կստացվի»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա վստահեցրել է, որ ավտոբուսներում խիստ վերահսկվում է օդորակիչների կիրառումը։ Բոլոր վարորդներին օդորակիչը միացնելու խիստ ցուցում է տրված, որպեսզի երեւանցիները աշխատանքի գնալիս ու վերադառնալիս ստիպված չլինեն վարորդներից լրացուցիչ պահանջել միացնելու հովացման համակարգը։ «Հովացման համակարգը միացնելով` գուցե վառելիքի ավելի շատ ծախս ենք անում, դա իհարկե անդրադառնում է բյուջեի վրա, բայց դրան պատրաստ ենք»,– հավաստիացրել է պաշտոնյան։