Առաջին հայացքից վագոն հիշեցնող մետաղյա այս շինությունը Ալավերդու նոր շուկան է։ Այն կառուցելու համար համայնքապետարանը 2018 եւ 2019 թվականների բյուջեի բնապահպանական վճարներից մոտ 9,5 մլն դրամ է ծախսել։ Արդեն չորս տարի է՝ շուկան չի շահագործվում:
250 քմ մակերեսով շինությունը քաղաքի Սպանդարյան թաղամասի արեւելյան հատվածում՝ հին Ալավերդու կենտրոնում, անմիջապես ճոպանուղու հարեւանությամբ է՝ երկաթգծից 20-30 մետր հեռավորության վրա։ Այս տարածքում են նաեւ քաղաքի միակ եկեղեցին, մշակույթի կենտրոնը, պղնձաձուլական գործարանը, նախկին կապի տան եւ հյուրանոցի շենքերը։
Կենտրոնական, բայց վերջին տասը տարում սակավամարդ դարձած տարածքում (ճոպանուղու, հետո նաեւ պղնձաձուլարանի գործունեության դադարով պայմանավորված) շուկա կառուցելու որոշումը 2019-ի հունվարի 31-ին Ալավերդու նախկին համայնքապետ Սասուն Խեչումյանը եւ ավագանու 11 անդամ են կայացրել։ Մինչ այդ թեպետ հանրային մի քանի լսումներ են անցկացվել, բայց Ալավերդու բնակիչները շուկայի վայրի ընտրության վերաբերյալ որեւէ կարծիք չեն հայտնել։
Ի դեպ, հանրային լսումների հիմնական մասնակիցները «Հայպետշին» բնակելի թաղամասում 30 տարուց ավելի գործող շուկայի առեւտրականներն էին։ Նրանց ցանկությունը ոչ թե ուրիշ վայր տեղափոխվելն էր, այլեւ առեւտրի կանոնակարգումն ու քաղաքակիրթ պայմանների ստեղծումը (տաղավարների կառուցում, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում եւ այլն)։ Առեւտրականները նախկինում էլ տարբեր առիթներով ասել են, որ այդտեղից ուրիշ տեղ չեն գնա։
Չնայած այդ պնդումներին՝ 2019-ի փետրվարին մեկնարկեց նոր շուկայի կառուցումը գործող շուկայից մոտ 1 կմ հեռավորությամբ գտնվող թաղամասում։ Դեռ 2018-ի դեկտեմբերին էր ավագանին որոշել բյուջեի բնապահպանական վճարներից 10 մլն դրամ հատկացնել։
Համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական եւ գնումների բաժնի տվյալների համաձայն՝ «Վանյան եւ Հովսեփյան» ՍՊԸ-ն կառուցապատման ծրագրի մրցույթը շահել էր 7 մլն դրամ ծախսային առաջարկով։
2019-ին նույնպես բյուջեից շուրջ 2,2 մլն դրամ հատկացում է արվել արդեն «Մարլիվա» ՍՊԸ-ին՝ կառույցի ներքին հարդարումն անելու նպատակով։
Իսկ թե ովքեր էին առեւտուր իրականացնելու նորակառույց շուկայում, դժվար է ասել։ Մինչդեռ համայնքապետարանում պնդում էին, որ ցանկացողներ շատ կան, որ դիմել են իրենց եւ սպասում են շինարարության ավարտին։
Ուշագրավ է այն, որ համայնքապետարան ներկայացված 9 դիմումներից 6-ը գրվել են 2019-ի մարտի 5-13-ն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով՝ դիմողների «հոսքը» փետրվար, մարտ, ապրիլ ամիսներով սահմանափակվում է։ Ստացվում է, որ նորակառույց շուկայում առեւտուր անելու ցանկություն է հայտնել ընդամենը 9 քաղաքացի։ Ուշագրավ մի հանգամանք եւս․ դիմում գրած 9 քաղաքացիներից 3-ը համայնքապետարանի աշխատակիցների ընտանիքի անդամներ են։
Բյուջեի մոտ 9,5 մլն դրամ ներդրումով չորս տարի առաջ կառուցված, չկահավորված, հետո մասամբ թալանված ու անմխիթար վիճակում հայտնված շինությունը մինչ օրս որեւէ նպատակով չի օգտագործվել։ Ինչպես համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ խնդիրների, շուկայի դեպքում էլ Ալավերդու նախկին համայնքապետ Սասուն Խեչումյանը սեփական ձախողումները համավարակով ու պատերազմով էր պայմանավորում։
Հիմա, երբ ո՛չ կարանտին է եւ ո՛չ էլ ռազմական դրություն, նորակառույց շուկան կրկին գրավիչ չէ առեւտրականների համար։ Արդեն 28 տարի նույն վայրում՝ «Հայպետշին» թաղամասում առեւտրով զբաղվող Արմիկ Թամազյանն ասում է՝ երբեք նոր տարածք չի տեղափոխվի, թեեւ ներկայում էլ վարձակալած տարածքում է աշխատում։
«Նախ՝ հեռու ա, հետո էլ՝ էն ինչ ա, թիթեղից (ժեշտից) սարքած բան ա, ձմեռը կսառչենք, ամառը կխաշվենք։ Ոչ մեկն էլ չի գնա։ Բա երկաթգի՞ծը։ Սա փողոց չի, կարելի ա սարքել իրար նման տաղավարներ»,- ասում է կինը։
Ներկա շուկան էլ հիմնականում մետաղական տնակներ են, բայց մարդիկ առեւտուրը ոչ թե ներսում, այլ դրանց առջեւ են կազմակերպում։
Փողոցային առեւտրի կանոնակարգման եւ քաղաքային շուկա ունենալու հարցը Ալավերդու իշխանությունների օրակարգում միշտ է եղել։ Հատկապես վերջին տասնամյակում, երբ քաղաքացիների՝ երկաթգծով անցուդարձն արգելելու նպատակով փակվեց «Լաչինի միջանցք» կոչվող տարածքը, որտեղ էլ կենտրոնացած էր առեւտուրը։
«Շուկայի կարգավորմանն առնչվող երկու տարբերակ կա։ Մեկը համայնքի նախկին ղեկավարն է (Կարեն Փարեմուզյան, պաշտոնավարել է 2015-2017 թվականներին) առաջարկել՝ շուկան կառուցել մի վայրում, որը նորից «Հայպետշինի» տարածքում է։ Մյուս տարբերակը, որ գործող բոլոր տաղավարները, բուդկաները ապամոնտաժվելու են ամբողջությամբ, տարածքը մոտ 2 մետր հետ է քաշվելու ճանապարհից, ու համայնքն էնտեղ կառուցելու է գեղեցիկ տաղավարներ եւ վարձով տա բնակիչներին։ Հիմա էս տարվա մեջ չգիտեմ՝ լուծում կգտնե՞նք, բայց մյուս տարվա մեջ որոշել ենք դրան անդրադառնալ։ Հետո նախագիծ կլինի, կտեսնենք՝ ինչ քննարկումներ, ինչ առաջարկներ կլինեն, կներկայացնենք հանրությանը, հետո՝ ավագանուն»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։
Իսկ տասը միլիոնանոց կառույցի ճակատագիրն անհայտ է։ Համայնքապետարանում քննարկվում է թե՛ օգտագործելու եւ թե՛ ապամոնտաժելու հարցը։ Երկու դեպքում էլ, ըստ համայնքապետի, գործընթացներ պետք է լինեն։
«Երկու հոգի դիմեցին, որ էդտեղ բիզնես գործունեություն ծավալեն, սակայն մենք այդ տարածքն ուղղակի տրամադրելու իրավասու չենք։ Պիտի լիներ ավագանու որոշում, մրցույթ՝ համապատասխան օրենքով, ու մարդիկ հրաժարվեցին»,- նշում է Թամազյանը։
Իսկ ճոպանուղու վերագործարկման ծրագիրն իրականացնելուց հետո ճոպանուղու տարածքում շուկայի գոյությունը համայնքապետը գրեթե բացառում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԱլավերդու` կյանքեր խլող կարճ ճանապարհը |
Նախկին համայնքապետ Սասուն Խեչումյանն ու նախկին ավագանին էլ հավանաբար ճոպանուղու վերագործարկումն էին բացառել, անտեսել նաեւ հին Ալավերդու կենտրոնում հոգեւոր, մշակութային կառույցների առկայությունը։ Այլապես նման որոշում չէին կայացնի։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։