Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների եւ պետական գերատեսչությունների հարեւանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 միլիոն 380 հազար 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 միլիարդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։ ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից։
Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը 1992-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի հայ համայնքի տրամադրած մի շենքում, որտեղ դեսպանությունը զբաղեցնում էր ընդամենը երկու սենյակ։ «Մեր վարկանիշի բարձրացման համար անհրաժեշտ էր նոր շենք, դա ոչ միայն կտա հարմարավետ պայմաններ, այլեւ կբարելավի հյուպատոսական ծառայությունները, կիրականացնի ներկայացուցչական ծառայություններ, քանի որ հիմա միջոցառումների համար վարձակալվում են այլ տարածքներ»,– նշել է փոխնախարարը։