ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համագործակցության կարեւորությունը՝ շեշտադրելով երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային եւ սպորտային միջոցառումների իրականացման ձեւաչափով: Նախարարը նշել է, որ համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն են:
ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը եւ Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձել են Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը՝ կարեւորելով կրթական ծրագրերի արդիականացումը եւ զարգացումը:
Քննարկել են նաեւ սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջեւ գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը եւ միջազգային հարաբերությունների ամրապնդումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի եւ միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ քննարկվել են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման մանրամասներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՌԴ դեսպանը կարեւորել է նաեւ սպորտի ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների եւ մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաեւ Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը: