Ռուսաստանում առաջացած վառելիքի պակասը կարող է խանգարել բերքահավաքին եւ ձմեռային ցանքին: ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւը հայտարարել է, որ եթե մեկ շաբաթ առաջ խոսվում էր վառելիքի բարձր գների մասին, այժմ առհասարակ վառելիք չկա։ «Արդեն հասանելիության հետ կապված խնդիրներ ունենք: Ստիպված կլինենք դադարեցնել բերքահավաքը եւ ձմեռային ցանքը: Դա աղետ կլինի»,- ահազանգել է Պատրուշեւը: Նա նշել է, որ ստիպված են վառելիք հայթայթել գյուղատնտեսական ձեռնարկությունների համար, քանի որ խնդիրը պետք է անհապաղ լուծվի։
Ռուսական բենզինի շուկան վառելիքի աճող պակասի պայմաններում գների բարձր ցուցանիշներ է գրանցում հարավային շրջաններում: Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայում սեպտեմբերի 4-ին Պրեմիում-95 տեսակի բենզինի արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է տոննայի դիմաց 75 հազար ռուբլու նշագիծը։