Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ եւ 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կկատարվեն: Ավազահանքի շահագործման հետեւանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, փոխվել է Արաքս գետի նախկին հունը, եւ Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով: Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:
Ըստ 1973 թվականին վերասահմանանշման՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանն անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետեւանքով ներկայում ջրազրկվել եւ պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին եւ ներկա հուների միջեւ առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է եւ գյուղատնտեսական նպատակների համար պիտանի չէ: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետեւանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ փլուզումներ են լինում, որոնք կարող են դառնալ ափամերձ տարածքի եւ սահմանային կառույցների ողողման պատճառ:
Նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում եւ խուսափել հետագա փլուզումներից: 2022-ից մեկնարկել է համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։