«Միացյալ Նահանգները լայնածավալ ռազմական հակամարտություն չի սկսի Ռուսաստանի հետ, քանի որ ամերիկացի գեներալները գիտակցում են հաղթելու իրենց անկարողությունը»,- U.S. Tour of Duty-ի հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիթերը: Նման կերպ նա արձագանքել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի վերջին հայտարարությանը, թե 2024-ին Վաշինգտոնը սկսելու է Մոսկվայի հետ պատերազմի թեժ փուլը։ Ըստ սպայի՝ ամերիկացիներին չի հաջողվի հաղթել Ռուսաստանի Դաշնությանը ո՛չ սովորական, ո՛չ միջուկային զենքով։ Նա ռուսների հետ թեժ պատերազմի հավանականության թեմայով խոսելն անգամ հիմարություն է անվանել։
Նախկին հետախույզը հավելել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի հաղթելու Ռուսաստանին ո՛չ Սիրիայում, ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Եվրոպայում։ Նրա կարծիքով՝ Կարլսոնը սխալվում է, քանի որ ամերիկացի գեներալներն «ինքնասպան չեն»։
Ավելի վաղ պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «բավականաչափ խենթ է» Ուկրաինա ամերիկյան զորք մտցնելու եւ Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու համար։ Նա ընդգծել է, որ եկել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ժամանակը՝ հավելելով, որ ինքը չի քվեարկի «հանուն Ուկրաինայի նույնիսկ մեկ ցենտ ծախսելու օգտին»։