«Բեռլին Արտ»-ի տանիքում բացվել է Roof25 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն-սրճարանը: Բացման հանդիսությանը ներկա էին ԵՄ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, բազմաթիվ հյուրեր:
Roof25-ի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը հայտնեց, որ այսուհետեւ կենտրոնում կներկայացվի քաղաքի հարուստ մշակույթը նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այցելուներին կտրամադրվեն պատմական վայրերի, իսկ կայքի միջոցով՝ թանգարանների, հյուրանոցների եւ ռեստորանների, ինչպես նաեւ ընթացիկ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ: Վիրտուալ շրջագայություններով, խճանկարային քարտեզով, սրճարանով եւ կայուն էներգետիկ լուծումներով կենտրոնը խոստանում է լրացնել քաղաքում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն չունենալու բացը։
Ծրագրի թիմն իրականացրել է մի քանի պատմական վայրերի 3D սկանավորում՝ թույլ տալով այցելուներին իրենց սմարթֆոնների միջոցով ուսումնասիրել Գյումրու խորհրդանշական վայրերը: Այցելուներին քաղաքի պատմական վայրերի մասին համապարփակ պատկերացում տալու համար էլ տանիքին ստեղծվել է Կումայրի արգելոց-թանգարանի խճանկարային քարտեզը: Կարմիր եւ սեւ տուֆի համադրությամբ ստեղծված քարտեզը հյուրերին թույլ կտա արագորեն գտնել Գյումրիի կարեւորագույն վայրերից մի քանիսը:
Էկոլոգիական կայունության եւ ինքնաբավության հավատարմությամբ կենտրոնը հագեցած է արեւային մարտկոցներով, որոնք կապահովեն լուսավորությունը եւ անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Roof25 զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն-սրճարանը ծառայելու է նաեւ որպես միջոցառումների, համերգների եւ ցուցահանդեսների անցկացման վայր, ինչպես նաեւ թատրոն տանիքի վրա նախագծի հարթակ:
Նախագիծն իրականացրել է ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը։ Ծրագիրն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։