Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում «Էներգիայի եւ ցածր ածխածնային զարգացման» ֆորում է անցկացվում, որին մասնակցելու նպատակով Չինաստանում է Լոռու մարզի պատվիրակությունը։
Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ պատվիրակության կազմում են մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Մհեր Խեչումյանը, գյուղվարչության պետ Արուս Թումանյանը: Ֆորումին մասնակցում են պատվիրակություններ 20 երկրներից՝ մարզերի, քաղաքների, միջազգային կազմակերպությունների, պետական ձեռնարկություննների ղեկավարների, էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների, գիտնականների կազմով։
Թայյուանի ֆորումի ընթացքում ներկայացվում են ժամանակակից տեխնոլոգիական առաջխաղացումները, գլոբալ էներգետիկայի ոլորտում զարկ է տրվում միջազգային համագործակցությանը։ Տարիների ընթացքում ֆորումը վերածվել է գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման եւ էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակի։
Այս տարի ֆորումը կրում է «Խելացի էներգիա, շահեկան կանաչ համագործակցություն» խորագիրը։ Ֆորումի ընթացքում ունեցած ձեռքբերումներն օգնում են միջազգային հանրությանը պայքարելու կլիմայի փոփոխության դեմ, պաշտպանելու շրջակա միջավայրը եւ իրականացնելու «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը» եւ այլն։
Լոռու մարզի պատվիրակությունը ֆորումին մասնակցելուց բացի հանդիպումներ կունենա Շանսի նահանգի գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ՝ ամրապնդելով երկու մարզերի արդեն իսկ եղած համագործակցությունը։ Լոռու մարզի եւ Շանսի նահանգի համագործակցությունը դեռ 2011-ին է սկսվել՝ Թայյուանում բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ հուշագրի ստորագրումով։ Նաեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին արձանագրություն է կազմվել։ Հետագայում փոխայցեր են եղել:
2019-ին արդեն Պեկինում է համաձայնագիր ստորագրվել Լոռու եւ Շանսիի համագործակցության հարաբերությունների վերաբերյալ։