ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ նիստում հաստատել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հաստատել է նաեւ մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։
Ընտրական օրենսգրքով սահմանած ժամանակացույցի համաձայն՝ սեպտեմբերի 7-ին՝ 18։00-ին, ավարտվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, ինչպես նաեւ ավագանու անդամի թեկնածու հանդիսացող անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամանակը, հետեւաբար ԿԸՀ-ն չի կարող այլեւս ինքնաբացարկի դիմումներ ընդունել։
ԿԸՀ-ն հաստատել է նաեւ ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու որոշումը։