Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցմամբ դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ 31 MQ-9B Reaper (հայտնի է նաեւ Predator-B անվամբ) հարվածային անօդաչու գնելու համար: Գործարքը կարող է կնքվել մինչեւ 2024-ի ապրիլ։ Հնդկական The Times of India պարբերականի աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Ընդ որում՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պատասխանն ակնկալվում է «մեկ-երկու ամսվա ընթացքում»։
Կողմերը կհամաձայնեցնեն պայմանագրի արժեքը, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կպատասխանի Հնդկաստանի հարցմանը։ Գործարքի նախնական արժեքը գնահատվել է մոտավորապես 3,1 միլիարդ դոլար: Սպասվում է, որ Հնդկաստանը անօդաչու սարքերը ձեռք կբերի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի համար, քանի որ սարքերը կարող են կատարել տարբեր գործառնություններ, դրանց թվում՝ ծովային հետախուզություն, սուզանավերի դեմ պայքար, ցամաքային թիրախների վրա գրոհ: Հնդկաստանի ռազմածովային ուժերն արդեն փորձարկել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի այս մոդելը՝ 2020-ին վարձակալելով երկու Predator հետախուզական անօդաչուներ։
Ըստ հնդկական The Print կայքի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանն արդեն 2022-ի աշնանից դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու, մասնավորապես՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի (loitering munition), ինչպես նաեւ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը: