«Եթե բողոքում ես, ուրեմն ընդունել ես պարտությունդ. ես ու պարտությունն իրար դեմքով չենք ճանաչում, իմ ընկերները պայքարն ու հաղթանակն են»: Անուշ Մկրտչյանն է՝ կենսուրախ, աշխատասեր, լավատես, հնարամիտ… այսպես են բնութագրում նրան ճանաչողները:
Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափի գյուղում է ծնվել Անուշը, 1991 թվականին, պարզ ու հասարակ գյուղական ընտանիքում: Հայրը՝ գյուղատնտես-ճարտարագետ, մայրը տնային տնտեսուհի է, այն էլ ինչպիսի՜ տնտեսուհի… Ընտանիքի երրորդ երեխան, բայց առաջին աղջիկն է Անուշը, դե, թեկուզ երրորդը, բայց առաջինը չլինել պարզապես չէր կարող. բնավորություն է:
«Դժվար էր մեր մանկությունը, ինչպես որ այդ տարիներին բոլորինը, տունը մութ էր, փոխարենը հոգիներումս այնքա՜ն շատ էր լույսը, որ ոչ միայն տանը կբավարարեր, այլեւ ամբողջ գյուղին ու դրանից դուրս»:
Մի օր, սակայն, դժվար կյանքը երանելի դարձավ. դաժան դիպվածը ընտանիքից տարավ տան առաջնեկին՝ Հայկին… «Ոչ միայն Հայկիս կորցրինք, այլեւ մորս, անասելի ցավից կոտրվեց: Գրեթե երեք տարի նա ֆիզիկապես մեզ հետ էր, բայց մտքով ու հոգեպես՝ բացակա: Ժամանակից շուտ մեծացանք, մանկությունից շուտ զրկվեցինք…»: Բայց շուտով մայրը կազդուրվում է, եւ ծնվում է փոքր քույրը՝ Հայկուհին։ Նա հույսի նոր շող է բերում իր հետ:
Մանկության ու ջերմության խորհրդանիշ վառարանը, որի տեղն այժմ ոչ թե տան կենտրոնում, այլ չօգտագործվող իրերի պահոցում է, դեռ չի դադարել Անուշի համար կարեւոր լինելուց: «Երբեմն ժամանակ եմ գտնում, վառում եմ այդ վառարանը, վրան կարտոֆիլ շարում, որ մտովի տեղափոխվեմ մանկություն ու մի պահ պատկերացնեմ, թե ընտանիքիցս պակաս մարդ չկա, բոլորս վառարանի շուրջ ենք, հայրս էլ ոչ թե երկնքում, այլ մեզ հետ է…»։ Հետո արդարանում է՝ անցյալով չեմ ապրում, ուղղակի ուզում եմ ասել, որ չպետք է ժամանակը բաց թողնել, պետք է այսօր ու հիմա իրար ասենք, թե որքան շատ ենք սիրում…
Որ ուրիշ էր, բոլորից տարբերվում էր, դպրոցում հասկացավ: Առաջին անգամ դպրոցում հարց ծագեց, թե ինչու ինքը նման չէ մյուսներին: Անուշը ի ծնե խնդիր ուներ. ձեռքերը սահմանափակ էին շարժվում, ուսերի խնձորակները չկային: «Բժիշկներն ասում են՝ օստրոգրիպոզ է, այս հիվանդությամբ 10,000 մարդուց մեկն է ծնվում: Հղիության ընթացքում շեղում է լինում, եւ էլ ոչինչ փոխել չի լինում»,- բացատրում է Անուշը:
Գյուղական միջավայրը որքան պարզ ու անմիջական, նույնքան էլ դաժան է: «Գյուղում հաշմանդամ ծնվելը չեն «ներում»: Դու այլ ես, դու չպետք է այլ լինեիր, դրա պատճառով խղճում են ծնողիդ, քեզ էլ բեռ համարում ընտանիքի համար, եւ ակամա դառնում ես մեղավոր»:
Անուշը հիշում է, թե ինչեր էին խոսում իր մասին, բայց չէր էլ հասկանում, որ խոսակցության թեման ինքն է. «Մոտ ազգականներս ազդում էին ծնողներիս վրա, ասում՝ ավելորդ է, ազատվե՛ք… ջահել եք, ինչի համար տանջվեք…»: Այսպես ամեն անգամ կրկնվող տհաճ խոսակցություններին հայրն էր ընդդիմանում ու վերջ դնում:
«Մտածում եմ, եթե հայրս մի փոքր թույլ լիներ, հիմա անողոք հասարակության զոհը կլինեի կամ միգուցե խնդիր ունեցող երեխաների որեւէ հաստատությունում»,- ասում է Անուշն ու ավելացնում, որ բոլորովին չի չարացել դրա համար, ընտանիքի մեծերին էլ վաղուց է ներել․ «Դժվարություններն ինձ ուժեղ են դարձրել»:
Կենսաբանության եւ քիմիայի հանդեպ արտասովոր սերը ստիպեցին, որ այդ ուղղությամբ մասնագիտանա, ավարտում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: Երբ թվում էր, թե նոր կյանքի դռներ են բացվում իր առաջ, կրկին բախվում է անհաղթահարելի պատի. «Օրերով, ամիսներով աշխատանք էի փնտրում, ռեզյումես տեսնում, կանչում էին, բայց հենց գնում էի, միանգամից ասում էին՝ ո՛չ: Այսօր այլ է, պետությունը հաշմանդամության կարգ ունեցողներին աշխատանքի ընդունելու համար գործուն քայլեր է ձեռնարկում»:
Վիրավորված կյանքից ու աշխարհից, իրեն բաժին հասածից՝ Անուշը մեկնում է արտերկիր: «Երկու տարի արտասահմանում ապրեցի լիքը դրամապանակով, դատարկ հոգով: Վերադարձա․ հայրենիքից ու հարազատից չեն նեղանում»:
Մի օր լսում է, որ Գյումրիում բացվել է «Արեգակ» ներառական սրճարան-փուռը, որտեղ սահմանափակ հնարավորություն ունեցող մարդիկ կարող են աշխատել: «Արագ գնացի, գտա կենտրոնը: Տնօրենն ասաց, որ ինձ հարմար տեղերը զբաղված են, միայն տնտեսական աշխատողի կարիք կա: Ասացի՝ կարեւոր չէ ինչ պետք է անել, ես ուզում եմ աշխատել: Առանց նեղվելու մաքրում էի տարածքը, շաբաթական երեք անգամ լվանում էի սրճարան-արտադրամասի դրսի պատուհանները: Պատահում էր, որ ազարտի ընկած՝ մաքրելով հասնում էի մինչեւ փողոցի վերջը, երբեմն էլ սրճարանի դիմաց գտնվող Քըրք Քըրքորյանի արձանն էի լողացնում (բարձր ծիծաղում է): Ինձ համար կյանքի իմաստը թանկ հագուստն ու լավ աթոռը չեն, լավ մարդը նա է, ով իրեն վստահված գործը, անկախ տեսակից, բարեխղճորեն է անում»:
Կարճ ժամանակ անց տնօրենությունը Անուշին արտադրամասի ֆինանսական գործերն է վստահում, այնուհետեւ ընդհանուր սրահի պատասխանատու է նշանակում: Անուշը գոհ է իր վաստակած գումարի չափից՝ Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության եւ «Կարիտաս Ավստրիայի» համաֆինանսավորմամբ գործող կառույցում, քաղաքի աշխատավարձերի հետ համեմատած, շատ բարձր են վարձատրում: Բայց ամենակարեւոր ձեռքբերումը մասնագիտական աճն ու անընդհատ սովորելու հնարավորությունն է:
«Արեգակ»-ում Անուշը ոչ միայն աշխատանք եւ առաջընթացի հնարավորություն է գտնում, այլեւ իր երկրորդ կեսին: «Նրա մեջ գտա հորս նման գծեր, հասկացա, որ պատրաստ եմ կյանքս կապելու նրա հետ: Տարբեր ենք շատ, բայց լրացնում ենք իրար»:
Այժմ Անուշը հասցնում է ամեն ինչ՝ ընտանիք, աշխատանք, լեզուներ է սովորում, հաճախակի վերապատրաստվում: «Ինձ համար աշխատող կին լինելը չի նույնացվում թափթփված տան ու միշտ ձվածեղ ուտելու հետ: Իմ տունը շատ մաքուր է, հարմարավետ, եթե ինչ-որ բան եմ անում, անում եմ լավ»:
Երջանի՞կ է այժմ Անուշը, ասում է՝ այո՛, բայց առավել լիարժեք կլինի, եթե մի կողմ թողնի վախերն ու վերջապես որոշի զավակ ունենալ: «Դա շատ լուրջ է ինձ համար: Ճիշտ է, վախենում եմ, բայց հաստատ գիտեմ, նա կգա: Քանի դեռ ուշանում է, այդ ընթացքում նրա հրեշտակի թեւիկներն են ավելի աճում ու մեծանում: Նա կգա, կփոխի իմ կյանքը, իմ աղջիկն իմ ընկերը կլինի…»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։