«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին Հայաստանի կրթօջախների ներկայացուցիչների զանգվածային մասնակցության վերաբերյալ: Կազմակերպությունը կոչ է անում օրենքի ամբողջ խստությամբ պատժելու այն կրթօջախների տնօրեններին ու նրանց ապօրինի պահանջ ներկայացրած անձանց, որոնք խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչության կանոնները՝ մտնելով օրենքով պատասխանատվություն կրելու դաշտ։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարին հորդորում է դիմել անհապաղ քայլերի եւ կրթօջախների պատասխանատուների վերաբերյալ կայացնել համապատասխան որոշումներ, բացի այդ՝ վարչական ռեսուրսների չարաշահում նախաձեռնողների գործողությունների համար պահանջել իրավապահ մարմինների համարժեք գնահատականը։ ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ է արվում ստուգելու տեսանյութում ակնհայտորեն աղաղակող վարչական ռեսուրսի չարաշահման փաստերը եւ հանրությանը ներկայացնելու արդյունքները՝ այսուհետեւ իսպառ կանխելով զանգվածային օրինախախտման դատապարտելի դեպքերը։
«Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ի շարս այլ պետական հաստատությունների, կրթօջախների ներկայացուցիչների զանգվածային մասնակցության վերաբերյալ անհերքելի փաստերն ի չիք են դարձնում պետական եւ հասարակական հարթակներում կրթական բարեփոխումներ իրականացնելու բոլոր փորձերն ու քայլերը»,- նշված է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի հայտարարության մեջ: