Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունները։ «Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ Ղարաբաղի հայերի համար կարեւոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է եւ ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ քննարկումներում»,- ասված է ԵՄ–ի հայտարարության մեջ: Եվրամիությունը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցելու այդ գործընթացին։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները դատապարտել էին Բաքուն եւ Անկարան: Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային համայնքին կոչ է արել դատապարտելու Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները: «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմը ձգտում է շարունակելու իր գոյությունը Հայաստանի ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ այլ աջակցության շնորհիվ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն, իր հերթին դատապարտելով ԼՂ նախագահի ընտրությունները, դրանք գնահատել է որպես Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղ գործընթացը խաթարելու փորձ:
Ուկրաինայի ԱԳՆ-ն եւս դատապարտել է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները։ «Ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», – ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 9-ին ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։