ԱՄՆ կառավարությունը պաշտոնական հետաքննություն է սկսել չինական Huawei Technologies Co-ի նկատմամբ։ Պարզվել է՝ ընկերության նոր Mate 60 Pro սմարթֆոնը պարունակում է արգելված չիպ, որի օգտագործումը հնարավոր էր միայն արգելքի շրջանցման դեպքում։ Պեկինի համար անհասանելի տեխնոլոգիայի կիրառումը կասկածի տակ է դրել ՉԺՀ-ի կիսահաղորդչային արդյունաբերության, մասնավորապես Huawei ընկերության նկատմամբ մինչ օրս կիրառված պատժամիջոցների արդյունավետությունը:
Նշվում է, որ չիպը պատրաստել է չինական Semiconductor Manufacturing International կորպորացիան, որը Huawei-ի պես ընդգրկված է ԱՄՆ սահմանած պատժամիջոցների սեւ ցուցակում եւ սահմանափակ հասանելիություն ունի ամերիկյան տեխնոլոգիաներին: Խոսքը 7-նանոմետրանոց պրոցեսորի բաղկացուցիչի մասին է։ ԱՄՆ առեւտրի նախարարությունից հայտնել են, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ 7-նանոմետրանոց պրոցեսորի բնույթի եւ կազմի մասին: