Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում էր լարված մնալ վերջին շաբաթվա ընթացքում։ Շատ արագ են զարգանում իրադարձությունները, եւ, դիտորդների գնահատմամբ, ամեն պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։
- Եվրամիությունը, Ադրբեջանը, Թուրքիան, ավելի ուշ նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը հայտարարել են, որ չեն ճանաչում սեպտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում եւ դատապարտել են դրանց անցկացումը։
- ՌԴ Կարմիր խաչը սեպտեմբերի 9-ին սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ Պարենային եւ ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:
- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ՝ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 10-ին հատուկ նիստի ընթացքում տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել Արցախի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե Մոսկվան Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ «Ավելի ոչ կոռեկտ եւ անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նա հավելել է, որ բոլոր հարցերը փակվել են, երբ Պրահայում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: «Մեզ մեղադրել, որ 2020-ի նոյեմբերին Ղարաբաղը տվել ենք, պետք չէ: Պետք է սոսկ ընդունակ լինել ինքնուրույն պատասխան տալու սեփական ժողովրդի առաջ»,- շեշտել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
- ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առաքելությունն ուժեղացված պարեկություն է անում առավել մտահոգիչ շրջաններում՝ Բրյուսելին տեղեկացնելու եւ լարվածության նվազեցմանը նպաստելու համար: «Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանի եւ առճակատման գծի երկայնքով, որպեսզի դիտարկենք ռազմական բնույթի ցանկացած գործողություն, ներառյալ զորքերի կուտակում, շարժ կամ հրաձգություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
- Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակում ի թիվս այլ հարցերի քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
- Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սխալ է համարում ԼՂ-ում Հայաստանի գործողությունները (նկատի ունենալով Արցախի նախագահի ընտրությունները), ինչի առնչությամբ մտադիր է սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Վերջինս սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ սահմանին լարվածությունը նվազեցնելու համար պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնելու ադրբեջանական իշխանությունների հետ:
- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 10-ին կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը եւ Աղդամով անցնող ճանապարհը, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բավականին արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։ Պետական դեպարտամենտը նաեւ երկու երկրների ղեկավարներին կոչ է արել լարվածությունն ավելացնող որեւէ գործողության չդիմել։ ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում վեճերի լուծման համար ուժի կիրառումը։