Շիրակի մարզի Մարմաշեն բնակավայրում բացվել է տարածաշրջանում առաջին տեխնոլոգիական հյուրատունը՝ Chill With Tech-ը, որտեղ գործում է խելացի կառավարման համակարգ: Այցելուներն առցանց կգրանցվեն, կվճարեն, հավելվածի միջոցով կբացեն դուռը, կմիացնեն լույսը, ջեռուցումը, հովացումը եւ այլ համակարգեր:
Հյուրատունը համագործակցում է նաեւ սննդի առաքման ծառայության հետ. նույն հավելվածով այցելուն կարող է սնունդը պատվիրել եւ ստանալ կարճ ժամկետում:
VR տեխնոլոգիաների շնորհիվ հյուրերը կտեղափոխվեն վիրտուալ իրականություն, կունենան աննկարագրելի էմոցիաներ եւ պահեր: Տեխնոլոգիական հյուրատունը, սակայն, չի ենթադրում կտրվել բնությունից, ճիշտ հակառակը, բակում կանգնած է ամենագնաց մեքենան, որ տարածքում շրջելը հեշտ լինի: Անօդաչու թռչող սարքերի միջոցով էլ այցելուն ոչ միայն կարող է փորձարկել դրանց թռիչքը, այլեւ կունենա տարբերվող լուսանկարներ ու տեսանյութեր:
Շարժական հյուղակը «Ջիթեք» ընկերության աշխատանքի արդյունքն է՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության, «Ջի այ զեթի» ֆինանսավորմամբ։ Հյուրատան տեխնոլոգիական լուծումները, ավտոմատ կառավարվող համակարգերը նախագծել են Շիրակի մարզի երիտասարդ ինժեներները։
Հյուրանոցն ապահովում է 1-4 հյուրերի համար յուրօրինակ փորձառություն եւ տարբերվող հանգիստ։