««Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է ԱԺ քննարկմանը:
Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծը սեպտեմբերի 4-ին արդարադատության փոխնախարարը ներկայացրել էր ՀՀ ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ավելի վաղ նա նշել էր, որ արձանագրությունը ստորագրել են Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամները, սակայն ուժի մեջ է մտել ԵԽ անդամ 44 երկրում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023-ի մայիսին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում պարբերաբար դրվող արձանագրությունն ամրագրում է, որ դրա դրույթների որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։
Փոխնախարարն ԱԺ-ում շեշտել է, որ թիվ 13 արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր, դրական առաջընթաց եւ կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ-պետություն։ Նշենք, որ թեեւ 1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում մահապատիժ չի կիրառվել, այդուհանդերձ օրինագծի վավերացումից հետո ՀՀ-ում առհասարակ ոչ ոք չի դատապարտվի մահապատժի։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ այն երկրների ցանկը, որոնք դեռեւս կիրառում են մահապատիժը, բաղկացած է հիմնականում ամենաաղքատ եւ չզարգացած երկրներից, որոնց ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են:
Ընդհանուր առմամբ աշխարհում կան 55 երկրներ (28%), որտեղ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրորեն դեռեւս կիրառվում է մահապատիժ: Կան նաեւ երկրներ, որտեղ օրենքը նախատեսում է մահապատիժ, սակայն գործնականում այն վաղուց չի կիրառվում։ Դատական պրակտիկայում արձանագրվել են մահապատժի սխալ դատավճիռներ։ 1973 թվականից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածում միայն Միացյալ Նահանգներում 156 մարդ ազատվել է մահապատժից՝ մեղադրանքների բացակայության հիմքով։