Ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնի շրջանակում Գյումրու Արվեստների ակադեմիայի բակում տեղի է ունեցել նկարիչ, արվեստագետ, Gyumri Art Week-ի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանի «Հայելային x-y-z բեկվածք» ժամանակակից ինստալացիայի բացումը:
Արվեստագետը հայելային բեկվածքը ժամանակի մեջ իրականության խնդիրներին արվեստի աչքերով նայելու փորձ է համարում:
«Խնդիրները վերաձեւակերպվում են այս քանդակի շնորհիվ: Այստեղ արվեստն իր էսթետիկական, գեղագիտական եւ փիլիսոփայական մոտեցումով ոչ թե հեռանում է մարդուց ու իրականությունից, այլեւ նորովի է ընկալել տալիս իրողությունը»,-ասում է Վահագն Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Gyumri Art Week-ը Գյումրիում էր մեկտեղել բազմաթիվ ճանաչված արվեստագետների ամբողջ աշխարհից:
Ծրագրի շրջանակում անցկացվեցին ժամանակակից արվեստային մի քանի նախագծեր՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտ, ինստալացիաներ, համերգներ, ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:
Երկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել էին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:
Փառատոնի հիմնադիր-համադրողը գյումրեցի արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն է: