Երեւանում՝ Հանրապետության 37 հասցեում, սկսել է գործել Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոն, որը կոչված է աջակցելու հայրենադարձներին Հայաստան տեղափոխվելուն առնչվող բոլոր հարցերում։ Կենտրոնը ստեղծել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի եւ «Repat Armenia» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Կենտրոնի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի համար, մասնավորապես, վերջին տարիներին մեծ ակտիվություն ստացած հայրենադարձության գործընթացն ու հայրենակիցներին ինտեգրելու ջանքերը համակարգված իրականացնելու առումով»,- նշել է սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Գործունեության երկու ամսվա ընթացքում կենտրոն է այցելել ավելի քան 300 հայրենադարձ, ստացվել է 700 էլեկտրոնային նամակ եւ 150 զանգ 20 երկրից, առավելապես՝ Ռուսաստանից։ Հարցերը, մասնավորապես, վերաբերել են ՀՀ քաղաքացիություն ստանալուն, անձնական գույքի տեղափոխմանը, կրթությանը եւ աշխատանքի տեղավորմանը։ Կենտրոնում անցկացվում են նաեւ հայոց լեզվի եւ ինտեգրման անվճար դասընթացներ։