ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարբերաբար ընդգծում է Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման եւ կողմերի միջեւ երկխոսության կարեւորությունը։ «Թեեւ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահության արժանի ներկայացուցիչներ, սակայն, ինչպես նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, ուստի չենք ճանաչում նաեւ այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքները, որ հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»,- շեշտել է Միլլերը:
Միեւնույն ժամանակ, Պետդեպի խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել չլուծված հարցերը ուղիղ երկխոսության միջոցով լուծելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։
Հայ-ամերիկյան զորավարժությունները հակամարտությանը չեն առնչվում
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտարարել են նաեւ, որ Հայաստանում ընթացող հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակումներին կամ այլ զարգացումներին չեն առնչվում: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում ընդգծել է, որ զորավարժությունները գործընկեր երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է, սովորական բնույթ ունեն: ԱՄՆ-ը պարբերաբար պարապմունքներ է անցկացնում իր գործընկերների հետ՝ պատրաստվածության մակարդակը պահպանելու համար, եւ շարունակաբար բարելավում է զինված ուժերի փոխգործունակությունը:
Նա նշել է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003-ից ի վեր ՀՀ-ն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող առնչվել ցանկացած այլ իրադարձության: «Հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարեւանների տարածք՝ կարծում եմ՝ այն պետք է զերծ մնա այլ երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասեր տալուց»,- անդրադառնալով Երեւանին ուղղված Մոսկվայի խիստ արձագանքին՝ նշել է Պետքարտուղարության խոսնակը։
Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ զորավարժություններին կմասնակցեն շուրջ 85 ամերիկացի եւ 175 հայ զինվորականներ, որոնք կմարզվեն «Զառ» ուսումնական կենտրոնում եւ Արմավիրում։