ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ գերիների փոխանակման գործարքի շրջանակում Վաշինգտոնը Իրանին թույլ կտա ծախսել Հարավային Կորեայի բանկերում տարիներ առաջ սառեցված 6 միլիարդ դոլարը եւ միաժամանակ ազատ կարձակի 5 մարդու։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ համաձայնագրի ընդհանուր պայմանները հայտնի են դարձել դեռ օգոստոսի 10-ին։
Ըստ բանակցություններից քաջատեղյակ Reuters-ի աղբյուրների՝ փոխանցված միջոցները հասանելի կլինեն Իրանին բացառապես մարդասիրական նպատակներով ծախսելու համար։ 6 միլիարդ դոլարի փոխանցումը եւ բանտարկյալների փոխանակումը տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթ:
Իրանը դեռ օգոստոսին Թեհրանի բանտից տնային կալանքի էր տեղափոխել ԱՄՆ չորս քաղաքացու։ Բլինքենը դա անվանել էր գործընթացի հաջող սկիզբ, որից հետո նրանք ի վերջո կվերադառնան Միացյալ Նահանգներ: Իրանից ԱՄՆ վերադառնալու ենթակա 5 հոգու թվում են գործարարներ Սիամաք Նամազին եւ Էմադ Շարկին, ինչպես նաեւ բնապահպան Մորադ Թահբազին։ Մյուս երկու անձի ինքնությունը ԱՄՆ-ը չի հրապարակել։ Գործակալությունը միեւնույն ժամանակ չի կարողացել պարզել, թե ովքեր են այն հինգը, որոնց ԱՄՆ-ը մտադիր է հանձնել Իրանին։