Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը սեպտեմբերի 12-ին միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։ Ներկայացված դիմումը կարձանագրվի, որից հետո կսկսվեն իրավական ընթացակարգերը։
Ներկայացված դիմումը ստորագրել է իշխանական ուժի 80 պատգամավոր։ ՍԴ ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի համաձայնությունը։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետում պետք է իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարան, որը պետք է քաղաքական վճիռ ընդունի ու որոշի քվեարկության դնել հարցը։ Դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի համաձայնությունը: Վրաստանի 150 հոգանոց խորհրդարանն ունի 140 ակտիվ պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնության կազմում կա ավելի քան՝ 80, իսկ ընդդիմության կազմում 56 պատգամավոր։
Ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը եւ առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։ Այս գործընթացին զուգահեռ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական մայրաքաղաքներում։