ԱՄՆ-ում մահմեդական իրավապաշտպան ամենամեծ կազմակերպության՝ Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի (CAIR) տնօրեն Քորի Սեյլորը հայտարարել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից 22 տարի անց երկիրը շարունակում է ճնշում գործադրել մահմեդական համայնքի անդամների վրա, ինչը նպաստում է ամերիկյան հասարակության բեւեռացմանը։ Ըստ նրա՝ մահմեդականները, որոնք ԱՄՆ բնակչության ավելի քան 1 տոկոսն են, դիտվում են որպես «չսիրված» փոքրամասնություն:
Սեյլորը նշել է, որ հակամահմեդական հռետորաբանությունը դեռ ընդունելի է ամերիկյան քաղաքականության մեջ։ «Շատ հայտնի անձնավորություններ օգտագործում են մահմեդականների նկատմամբ ատելությունն իրենց նպատակների համար: Այս իրավիճակը, ինչպես միշտ, ծանր բեռ է դնում երկրում ապրող փոքրամասնությունների ուսերին»,- ընդգծել է նա։
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի տնօրենը հիշեցրել է, որ ըստ 2022-ին CAIR-ի հրապարակած «Առաջընթաց նախապաշարմունքների ստվերում» զեկույցի՝ ամերիկյան ուսումնական հաստատություններում հակամահմեդական տրամադրությունների աճ է գրանցվել։ «Ըստ մեր վերջին հետազոտության՝ 2022-ին դպրոցներում մահմեդական երեխաների նկատմամբ ճնշումները նախորդ տարվա համեմատ աճել են 63 տոկոսով»,- եզրափակել է Սեյլորը: