Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ սեպտեմբերի 12-ին Ղազախստանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների առնչությամբ Ղազախստանը եւս մեկ անգամ հաստատում է իր ամուր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Պաշտոնական Աստանան միաժամանակ հանդես է եկել բոլոր վիճելի հարցերի՝ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ԼՂ-ում ստեղծված «անջատողական վարչակարգի այսպես կոչված նախագահական ընտրությունները» Ադրբեջանի սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կոպիտ խախտում են։
Ավելի վաղ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վճռական աջակցություն էր հայտնել Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը։