«Գրադարանները համալրել ենք 730 անուն շուրջ 20000 նոր գրքերով»,-կարդում ենք Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի թռուցկաթերթում։
Տեղեկությունը ստուգելու նպատակով դիմեցինք Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, որտեղից հայտնեցին, որ քաղաքապետարանը գրադարանին տրամադրել է 2022 թվականին 250 անուն 3145, իսկ 2023 թվականի հունվարից մինչ օրս՝ 466 անուն 1307 միավոր գիրք։
Գրքերը պետք է գնված լինեին Հայաստանում գործող հրատարակչություններից։ Փորձեցինք կապ հաստատել հրատարակիչների հետ։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ 2021 թվականին Երեւանի քաղաքապետարանն, իրոք, նախաձեռնել էր գնման գործընթաց Երեւանի գրադարանների համար, բայց պահանջվող գրքերի ցանկում ժամանակակից հեղինակների անուններ չկային։ «Ամենանոր գրողը, որի անունը կար ցանկում, Կաֆկան էր, Կաֆկայից հետո ոչ մի գրողի անուն չէին գրել»։
Ցանկն ուսումնասիրելուց հետո Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հանդիպում է լինում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Հաջորդ տարի՝ 2022 թվականին, բյուջեն ավելացնելով՝ տարբեր հրատարակչություններից, այդ թվում՝ «Անտարես»-ից, գնում են հրատարակիչների առաջարկած գրքերը։ Ըստ Մարտիրոսյանի՝ քաղաքապետարանն «Անտարես»-ից գնել է ավելի քան 100 անուն գիրք։
«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ Երեւանի քաղաքապետարանն իրենց հրատարակչությունից նախորդ տարի գնումներ կատարել է, իսկ այս տարի՝ դեռ ոչ։ Սակայն տեղեկացրել են, որ առաջիկայում կգնեն։
«Ակտուալ արվեստ» հրատարակչությունից Երեւանի քաղաքապետարանը երբեւէ գիրք չի գնել։
«Ալիք Մեդիան» հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե կոնկրետ ո՛ր հրատարակչություններից քանի գիրք է գնվել, բայց դեռ պատասխան չի ստացել։
Թեեւ այս պահին մեր ձեռքի տակ եղած տվյալներն ամբողջական չեն, բայց փորձենք համադրել դրանք ու հասկանալ, թե որտեղից են Տիգրան Ավինյանի թռուցկաթերթում հայտնվել 730 (անուն) եւ 20000 (միավոր) թվերը։
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, որը նաեւ մյուս գրադարանների մատակարարն է, երկու տարում ստացել է 716 անուն գիրք։ Միավոր գրքերի թիվն, ըստ գրադարանի տվյալների՝ 4452 է։ Այսինքն՝ 14-ով նվազ անուն եւ 15548-ով պակաս միավոր գիրք։
716 անուն գրքից 100-ը գնվել է «Անտարես»-ից։ Թեեւ «Զանգակ»-ից թիվ չասացին, բայց կարող ենք հավելել եւս հարյուր՝ նկատի ունենալով նշված երկու հրատարակչությունների համանման արտադրական հզորությունները։ 516 անուն գիրք պարզ չէ, թե որ հրատարակչություններից է գնվել, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ սկզբունքով։
Պարզ չէ նաեւ, թե ինչու Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի եւ քաղաքապետի թեկնածու Ավինյանի հրապարակած թվերը ոչ միայն չեն համընկնում, այլեւ տարբերվում են ահռելի խզվածքով։
Լավ կլիներ, որ ե՛ւ կենտրոնական գրադարանը, ե՛ւ քաղաքապետարանը հրապարակեին գնված գրքերի ցանկերն ու հրատարակչությունների անունները, որպեսզի հասարակությունը կասկածեր չունենար։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։