Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակից պարգեւավճար է ստացել աշխատավարձի 50%-ի չափով։ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն է եւ ակտիվորեն մասնակցում է քարոզարշավին։
«Հետք» լրատվականի հարցմանն ի պատասխան՝ Բեգոյանն ասել է, թե քարոզարշավի կապակցությամբ արձակուրդում է եւ տեղյակ չէ պարգեւավճարներից: Նա հավելել է, թե պաշտպանում է այդ որոշումը եւ ձգտում է աշխատակիցների՝ այգեպանների, տնկարանային տնտեսության եւ ոռոգման մասնագետների աշխատավարձը բարձրացնել․ այգեպաններինը՝ 40-50%-ով, վարպետներինը՝ 30-40%-ով, պատասխանատուներինը՝ 20-30%-ով, եւ այդպես շարունակ։ Այնուհետեւ Բեգոյանը պնդել է, թե դա ընտրությունների հետ առնչություն չունի, եւ որ «տիտանական աշխատանք կատարող մեր տատիկ-պապիկների պարգեւավճարի թեման շահարկելն առնվազն անամոթություն կլինի», ու հիշեցրել աշխատավարձերի ցածր լինելու տխուր հանգամանքը:
Լրագրող Հակոբ Կարապետյանն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ սովորաբար պետական հիմնարկներում զանգվածաբար պարգեւավճար տալիս են կա՛մ եռամսյակը մեկ, կա՛մ տոների առիթով, ու քանի որ հիմա եռամսյակի ավարտ չէ, ուրեմն կա-չկա՝ պարգեւավճար են տվել տոնական առիթով։ «Եվ ահա բոլորս գիտենք, որ սեպտեմբերի 17-ին Սրբխեչի տոնն է։ Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, այս պարգեւավճարը տրվել է Սրբխեչի առիթով»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Կարապետյանը, ապա աշխարհիկ փաստերն ու գրիգորյանական օրացույցը համադրելով՝ նկատել, որ սա նույն օրն անցկացվելիք ընտրություններից առաջ նախընտրական կաշառք է․․․ «Բայց քանի որ ինքը՝ Սիրելի Առաջնորդն է հայտարարել, որ նախընտրական կաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումը բացառվում են, ապա Սրբխեչից բացի ուրիշ վարյանտ չի մնում»,- եզրակացրել է լրագրողը, ապա հիշեցրել. «Հ.Գ. Ի դեպ, ժամանակին Սիրելի Առաջնորդը նման դեպքերում ասում էր՝ «կոռուպցիան պոզով-պոչով չի լինում», բայց դա հին, հոռի բարքերի ժամանակներն էին»։