«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հանդիպում էր կազմակերպել թեկնածուների հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուզաննա Երեմյանը տարիներ շարունակ լուծման սպասող խնդիրների վերաբերյալ հարցերին, ըստ էության, մեկ պատասխան ուներ․ «Ամեն ինչ միանգամից չի լինում»։
Նա նույն կերպ արձագանքեց ե՛ւ հաշմանդամություն ունեցող, ե՛ւ մանկապարտեզներում տարիներով հերթի սպասող անձանց խնդիրներին առնչվող հարցերին․ «Նորից գալիս ենք նույն խնդրին․ մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի մեկ օրում, նույն վայրկյանին»։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Նարինե Արամյանի դիտարկումը, թե մեր օրերում այս խնդիրները վաղուց պիտի լուծված լինեին, որպեսզի դրանց մասին հիմա նույնիսկ չխոսվեր, բարկացրեց ավագանու ՔՊ-ական թեկնածուին․ «Իհարկե, շատ բան ունենք անելու եւ ուզում ենք անել, բայց այդպես միանգամից եվրոպական ստանդարտի երկիր չենք կարող լինել»։
Իսկ որքա՞ն ժամանակ է պետք ՔՊ-ին՝ նման բազմաչարչար խնդիրներին լուծում տալու համար։