Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ եւ երբեք էլ չի լինի։ Եվ չպետք է ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Դրա մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի կոշտ արձագանքը Երեւանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում նույնիսկ այնքան ուշադրություն չեն դարձնում տոնայնությանը եւ անձնական վիրավորանքներին, որքան հայտարարությունների հիմքում ընկած անճշտությանը, ինչի համար էլ ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Խոսնակը հավելել է, որ եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ արտահայտություններին, կարելի է այլեւս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել։ Երկրորդը` դա իրենց ոճը չէ` արձագանքել այդ կոպտությանը։ «Մենք վեր ենք կանգնում ամենօրյա այդ վիճաբանություններից՝ բացի այն իրավիճակներից, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունները կեղծելու մասին է»,-պարզաբանել է նա։
Զախարովան շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Ըստ նրա՝ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ինչպես վերաբերվել դրան։ «Սակայն չպետք է Երեւանում ընդունված որոշումների համար մեղադրել եւ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա»,- ընդգծել է նա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ որեւէ բան չի հաջողվում կամ ուզածի պես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել Հայաստանի համար վտանգավոր աղետալի հետեւանքների։