Սեպտեմբերի 12-ին «Ալիք Մեդիան» հրապարակել է «Նախընտրական թվեր, որոնք կասկած են հարուցում» վերտառությամբ հոդված, որում փորձ էր արվել պարզելու Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի թռուցկաթերթում բերված թվային տվյալների իսկությունը. «Գրադարանները համալրել ենք 730 անուն շուրջ 20000 նոր գրքերով»։
Այս թվերը համեմատել էինք Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ներկայացրած տվյալների հետ, հարցումներ արել մի քանի հրատարակչությունից եւ հանգել եզրակացության։
«Ալիք Մեդիան» այսօր զանգ ստացավ Ավետիք Իսահակյանի գրադարանից։ Մեզ հայտնեցին, որ քաղաքապետարանի եւ գրադարանի տրամադրած տվյալները տարբերվում են, քանի որ հնարավոր է՝ քաղաքապետարանը գրքերի մի մասը բաշխած լինի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին, մնացածը՝ համայնքային գրադարաններին։
Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանից հայտնեցին, որ վերջին 2-3 ամսում քաղաքապետարանից ստացել են մոտ 500 միավոր, իսկ վերջին երկու տարում՝ ավելի քան 1000 միավոր գիրք։
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 5 գրադարանը եւս քաղաքապետարանից ստացել է նոր գրքեր վերջին երեք տարիների ընթացքում։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանը ե՛ւ անցած տարիներին, ե՛ւ այս տարի նոր գրքեր է ստացել քաղաքապետարանից։ Միայն այս տարվա ընթացքում քաղաքապետարանից ստացել է 600 միավոր գիրք։
Եթե մեր հրապարակած հոդվածում անճշտություն է եղել, հայցում ենք Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ղեկավարության ներողամտությունը եւ սպասում Երեւանի քաղաքապետարան մեր ուղարկած հարցման պատասխանին։
«Ալիք Մեդիան» առաջիկայում փորձելու է պարզել նաեւ, թե ինչ սկզբունքով եւ ինչ ընթացակարգով են կատարվում գրքերի գնումները, եւ որ հրատարակչությունների արտադրանքն է հասնում գրադարաններ։