Եվրամիությունը հույս ունի, որ ռուսական հումանիտար բեռների տեղափոխումով Լեռնային Ղարաբաղ կվերսկսվեն կանոնավոր մատակարարումները տեղի հայ բնակչությանը։ Դրա մասին ասվում է Բրյուսելում Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Այս համատեքստում մենք ընդգծում ենք ռուսական մարդասիրական բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով: Հասկանում ենք այս զարգացման հետ կապված զգայունությունը: Հուսով ենք, որ դա խթան կդառնա տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերականգնման համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն իր հերթին կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների՝ ներառյալ Լաչինի միջանցքի բացման կարեւորությունը։ Թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում եւ վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։
Ռուսական Կարմիր խաչը սեպտեմբերի 12–ին 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում Բաքուն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծելու՝ Լաչինի անցակետում սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։