Խորհրդարանը վավերացրել է իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը։ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Նա նշել է, որ համաձայնագիրը հարկային նպատակով սահմանում է օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, ժամանակացույցն ու եղանակը: Եվ հավելել է, որ հարկային մարմիններն արդեն իսկ փոխանակում են այդ տեղեկությունները, սակայն հարցումների հիման վրա: Համաձայնագիրը վավերացնելու պարագայում այն կիրականացվի ավտոմատ ձեւով:
«ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ: Այն կարեւոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետեւելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում եւ բնականաբար հարկային վարչարարության բարելավման առումով,- նշել է Մուրադյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014-ի հոկտեմբերի 14-ին։ Առ այսօր դրան միացել է ավելի քան 110 երկիր: