Թբիլիսիում անցկացվող «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովին երեք տասնյակ երկրների ներկայացուցիչների թվում մասնակցել է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը։ Միջոցառման ներկա են եղել միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Քննարկվել են հարկային մարմիններում թվային տեխնոլոգիաների կիրառման, հարկային օրենսդրության եւ վարչարարության թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ բիզնեսի եւ հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմներին առնչվող եւ այլեւայլ հարցեր:
ՊԵԿ-ի նախագահի տեղակալը պանելային քննարկումների ընթացքում ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը հարկային կարգապահության բարելավման գործում։ «Հարկային երկխոսություն գործարարների եւ արտադրողների հետ» քննարկման ընթացքում ձեռներեցները եւ շահագրգիռ այլ կողմեր մտքեր են փոխանակել, բարձրաձայնել մտահոգություններ եւ ներկայացրել առաջարկներ հարկային խնդիրների վերաբերյալ։
BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջեւ հարկային հարցերով երկխոսությունը: Հարթակն ամրապնդում է հարկային մարմինների համագործակցությունը եւ զարգացնում պետական մարմինների, միջազգային կառույցների եւ գիտական հաստատությունների կարողությունները։
Հայաստանն այս նախաձեռնությանն ունի դիտորդի կարգավիճակ եւ մասնակցում է համաժողովներին, ներկայացնում մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։