Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սահմանված կարգով կկարողանան օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները: Համապատասխան օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 27 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներ:
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել եւ մինչ օրս որեւէ իրավական ակտով կարգավորված չէ: Ուստի, ըստ նրա, համապատասխան օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Սահմանվել է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը: Իսկ այն կկազմվի վարչապետի որոշմամբ:
2023-ի մայիսին էլ որոշում էր ընդունվել փոփոխություններ եւ լրացումներ անել օրենքում, ըստ որոնց՝ ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար եւ արտոնյալ պայմաններով։ Որոշման համաձայն` արտոնությունից օգտվելու իրավունք կունենան միայն հիշյալ պաշտոնյաների ամուսիններն ու ծնողները։