Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրման համատեքստում Իրանը բացառում է պատերազմի հնարավորությունը։ Թեհրանում կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,– հայտարարել է նա: Նա ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխություն։ «Հետեւելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,– վստահեցրել է իրանցի նախարարը:
Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին սեպտեմբերի 11–ին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետեւում է Կովկասում տիրող իրավիճակին եւ զրույցներ է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: «Հայաստանի պաշտոնատար անձինք մտահոգություն են հայտնել ռազմական բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք հասկացրել են մեզ, որ իրենք մտադրություն չունեն բախման մեջ մտնելու Հայաստանի հետ»,– ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Ադրբեջանի զորքերի վերջին կուտակումները բնութագրելով որպես «սովորական ռազմական գործողություններ» ձմռան նախաշեմին: