ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով, թե ինչպես պետք է հանրակրթական դպրոցներում լրացվեն էլեկտրոնային մատյանները։ Նախօրեին ուսուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացի դեմ։
Կրթության գերատեսչության շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ թեմատիկ պլանները, ըստ վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան Word կամ PDF ձեւաչափով։ Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցելու էլեկտրոնային մատյանում ըստ թեմաների եւ դասերի եւ ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: «Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրման կապակցությամբ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբերի ընթացքում փուլային ձեւով բաշխվելու են դպրոցներում: Դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով եւ տրամադրված ուսումնական նյութերով։