Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավորվել է քաղաքական, իրավական, սոցիալական եւ տնտեսական հարաբերությունների շրջանակում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող էթնիկ հայերին որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրել։ Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության` նա վստահեցրել է, որ Բաքուն երաշխավորում է Ղարաբաղի հայերի բոլոր համապատասխան իրավունքների եւ ազատությունների պահպանումը, որոնք նախատեսված են Ադրբեջանի Սահմանադրությամբ։ Բայրամովը նշել է, որ Հայաստանը փորձում է «խուսափել կարգավորման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումից»։
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Հայաստանին միջազգային ասպարեզում պատասխանատվության ենթարկելու մասին։ Նրա պնդմամբ՝ 1987-1991 թվականներին Հայաստանը բռնի ուժով վտարել է ավելի քան երկու հարյուր հազար ադրբեջանցիների իրենց տներից՝ դա որակելով միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՄԱԿ-ի այլ փաստաթղթերի օգնությամբ հաշվի կառնվեն իրենց տներից վտարված ադրբեջանցիների իրավունքները։ Նա նշել է, որ Հայաստանը, անտեսելով Ադրբեջանի կոչերը, չի բացահայտում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրի մասին տեղեկությունը։ Նա խոսել է 1990-ականների սկզբին պատերազմի ժամանակ Ադրբեջանի իբր անհետացած մոտ 4000 քաղաքացիների ճակատագրից։
Ադրբեջանի Գուբադլի եւ Զանգիլան քաղաքներում սեպտեմբերի 11-ին մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։ Ադրբեջանի զինվորական դատախազությունից հայտնել են, որ աճյունները, ենթադրաբար, պատկանում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածներին։ Գերատեսչությունը հաստատել է, որ աճյունները արտաշիրիմվել են Գուբադլիի շրջանի Մելիքախմեդլի գյուղում եւ Զանգիլանի շրջանի Վեժնելի գյուղում։
Բայրամովը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանը հետեւողականորեն անտեսել է հումանիտար իրավունքով եւ մարդու իրավունքների ներքո ստանձնած պարտավորությունները կատարելու եւ այդ անհայտ կորածների գտնվելու մասին տեղեկությունները հրապարակելու Բաքվի կոչերը։ Նա նշել է, որ թեեւ երկրների միջեւ հակամարտությունն ավարտվել է, եւ այսօր առկա է կայուն խաղաղության հաստատման հեռանկար, մարդու իրավունքներին առնչվող դեռեւս լուրջ խնդիրներ կան հետկոնֆլիկտային շրջանում։