Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում արած հայտարարություններին։
ՀԱԿ փոխնախագահը շեշտել է, որ Փաշինյանը փորձում է «իր վրայից մաքրել» Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ «Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը»,- նշել է Զուրաբյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե երբվանից Ալմա-Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հակամարտության կարգավորման հիմք, երբ Հայաստանն այդ փաստաթուղթը չի էլ վավերացրել։ Փաշինյանն էլ ի պատասխան մեջբերել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1991 թվականի դեկտեմբերի հարցազրույցը, որում նախագահն ասում է. «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ավելին` մենք չենք էլ ցանկանում»։ Ըստ վարչապետի` հենց այդ պահից էլ Ալմա-Աթայի հռչակագիրը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում։
Փաշինյանի այդ մտքին արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նախ նշելով, որ Լեւոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը վարչապետը կիսատ ու համատեքստից կտրված է մեջբերում, ապա հավելել էր, որ այսքան տասնամյակ անց ՀՀ իշխանությունների ձեռքով Ալմա-Աթայի հռչակագիրը դրվեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների բերանը։
ՀԱԿ-ի փոխնախագահը շեշտել է, որ հակառակ Փաշինյանի պնդումներին՝ Հայաստանը չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ ստորագրել եւ վավերացրել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ Մինսկում ընդունված հռչակագիրը։ Նա ընդգծել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք` հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ–ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ–ին` Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով` ըստ էության հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք, ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է»,– ընդգծել է Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին, ՀՀ առաջին նախագահն ասել է, որ իր կարծիքով` Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է ընդունելի լինել ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի համար։ Զուրաբյանը հիշեցրել է, որ ինքն այս հայտարարությունը մեկնաբանել է դեռ 2010 թվականին, երբ այն որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։
ՀԱԿ-ի փոխնախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտում են մի անմխիթար իրողություն, որ գործ ունենք ստախոս ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է պատասխանատվությունից փախչելը։