ՀՀ Կառավարությունը նախատեսում է օրենք ընդունել, ըստ որի` վրացական պետհամարանիշով Հայաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները պետք է վճարեն ավտոմեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն մեքենայի արժեքի կրկնապատիկն է կամ եռապատիկը:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ պատգամավոր Շիրակ Թորոսյանն այդ հարցը բարձրացրել է ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ, որին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վրաստանի քաղաքացիների դեպքում սահմանված ժամկետում օգտագործողների վրացական պետհամարանիշով ավտոմեքենայի օրինագծի փոփոխություն չի լինի։ «Եթե անձը երկքաղաքացի է, ապա այս դեպքում հաշվի է առնվում նրա՝ Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը, այսինքն` անձը դիտվում է որպես Վրաստանի քաղաքացի, իսկ եթե վրացական պետհամարանիշով ավտոմեքենան Վրաստանի քաղաքացին օգտագործում է սահմանված ժամկետում, ապա որևէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել»,- ասել է Փաշինյանը։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ օրենքում նման փոփոխությունը մեծ արձագանք է հարուցել նաև վրացական պետհամարանիշով ավտոմեքենա ունեցող ՀՀ քաղաքացիների շրջանում։ Եթե նախկինում մուծումն արվում էր մեքենայի մաքսազերծման 2 տոկոսի չափով՝ հաշվի առնելով մեքենայի շարժիչի ծավալն ու տարեթիվը, որը դեկտեմբերից դարձավ 4 տոկոս, հիմա նախատեսում են օրենք կիրառել, ըստ որի` քաղաքացին պետք է վճարի ամբողջ մեքենայի մաքսատուրքը։ Ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ վրացական համարանիշներով մեքենաների վարորդները դիմել են իրենց ու խնդրել զբաղվել այդ հարցով, քանի որ ստիպված են լինելու մեքենաները հետ տանել Վրաստան և այնտեղ էժան վաճառել` այդ հարկային բեռից ազատվելու համար։ «Մեծ վնասներ են կրելու»,- պնդել է պատգամավորը։