Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար դիմած կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ՊՆ-ն ֆիզիկապես պատրաստ կլինի ձմեռային զորակոչին կանանց ընդունելու, բայց, հաշվի առնելով ավարտական դասարաններում մասնագիտական կողմնորոշման շրջանակում դպրոցներում անցկացվող նախապատրաստական աշխատանքը, այդ առումով հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Նախարարը հավելել է, որ ՊՆ-ն պատրաստ է ձմեռային զորակոչին ընդունել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին։
Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ սահմանվելու է 6 ամիս։ Ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 միլիոն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 միլիոն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա, եւ պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։ Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈՒ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։
Պարտադիր զինծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններով պայմանավորված վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչեւ զորակոչի օրը նրանց ծառայությունից հրաժարվելու հնարավորություն է ընձեռվելու: Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները, ըստ նախագծի, առանց վիճակահանության կնշանակվեն ուսումնական զորամասերում եւ կծառայեն բացառապես տվյալ զորամասերում։