Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, անհանգստացած է, որ Հյուսիսային Կորեայի հետ Ռուսաստանի համագործակցության հրապարակումը կարող է ուժեղացնել պատժամիջոցները եւ վտանգել դրանցից խուսափելու գործող սխեմաները: «Պուտինը հավանաբար «չեզոք» է բնութագրել իր հանդիպումը Քիմի հետ»,- վերլուծական ակնարկում շեշտել են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) մեկնաբանները։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում մտահոգություն կա Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր առեւտրի պատճառով երկրորդային միջազգային պատժամիջոցների ներդրման վտանգի առնչությամբ։ Բացի այդ՝ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից պատժամիջոցներից խուսափելու միջազգային վերահսկողության ուժեղացման: ISW-ն նշել է նաեւ, որ Ռուսաստանը չի փորձում չափազանց մեծ հետաքրքրություն ցուցաբերել հյուսիսկորեական զինամթերք գնելու հարցում։
Կիմ Չեն Ընը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հյուսիսային Կորեայի համար գերակայություն են: Նա ՌԴ ղեկավարին վստահեցրել էր, որ Փհենյանը պաշտպանում է Մոսկվայի բոլոր որոշումները եւ ցանկանում է հետագայում եւս զարգացնել երկկողմ հարաբերությունները: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ ՌԴ-ն եւ ԿԺԴՀ-ն միշտ միասին կպայքարեն իմպերիալիզմի դեմ, ինչպես նաեւ ինքնիշխան պետություն կառուցելու համար: «Այժմ Ռուսաստանը ոտքի է կանգնել ՝ պաշտպանելու իր պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը, դիմակայելու հեգեմոնիստական ուժերին, որոնք հակադրվում են Ռուսաստանին»,- շեշտել էր Կիմ Չեն Ընը: