«Ինչպե՞ս կարող է Հայաստանը վավերացնել Հռոմի ստատուտն ու չկատարել Միջազգային իրավական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին» հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ Հռոմի ստատուտի նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։
«Ստատուտի վավերականացումը կապված է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ։ Դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչ մի բանի»,– հավելել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ կոնվենցիան հնարավորություն կընձեռի վերհանելու եւ քննելու, օրինակ, Հայաստանի դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Ըստ Մինասյանի` դա պաշտպանողական եւ քննչական շատ լավ գործիք է, որից չօգտվելն ափսոս է։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ եւ խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։