Երեւանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն։ ՀՀ Կառավարության որոշմամբ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 միլիարդ 847 միլիոն 300 հազար դրամ։ Խոսքը Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 եւ 60/2 հասցեների 3292,3 եւ 853,6 քմ մակերեսներով շենք-շինությունների, ինչպես նաեւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար առանձնացված հողամասերի մասին է:
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ ավելի քան 92 միլիոն դրամ, որը գնորդի՝ հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։
Ըստ որոշման՝ գնորդը պարտավոր է վճարել նաեւ գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ ավելի քան 1 միլիոն դրամը։