Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը Երասխից փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Նախօրեին ԵՄ առաքելությունը X–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում է նյութերի եւ սարքավորումների ապահով եւ անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն մեկ ժամ անց խմբագրվել էր գրառումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը, հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, եւ «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ գործարանը, որի շինարարությունը Երասխի տարածքում սառեցված է, ներկայում կառուցվում է Արարատ քաղաքին հարող տարածքում, որտեղ շինաշխատանքները մեկնարկել են դեռեւս հուլիսին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են։