Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի վեց հաուբից: Indian Defence Research Wing պարբերականը, վկայակոչելով տեղական պաշտպանական Bharat Forge L.t.d ընկերության ղեկավար Բաբու Կալյանին, հայտնել է, որ հաուբիցները մատակարարվել են օգոստոսի սկզբին։ Սա առաջին խմբաքանակն է, որը Հայաստան է հասել Հնդկաստանի հետ ստորագրված խոշոր պայմանագրի շրջանակում։
Պաշտպանական գործարքը նախատեսում է Հայաստանին մատակարարել 155,5 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 90 միավոր ATAGS։ Բացի դրանից՝ առաջիկա 3 տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանին պետք է մատակարարվի եւս 84 հաուբից։ Միաժամանակ նշվում է, որ Bharat Forge-ը նախատեսում է ժամկետից շուտ հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին։
Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս հարցրել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»: Ըստ Ալիեւի՝ ներկայում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում Հայաստանում, եւ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հուլիսի վերջին Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգությունները Հնդկաստանից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։ Ադրբեջանի նախագահը, որը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս պնդել է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, չի թաքցնում, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: