Վաղուց ժամանակն է, որ երկրացիները մտածեն մոլորակի բարեկեցության մասին, հակառակ դեպքում հնարավոր չէ խուսափել գլոբալ աղետից:
Մարդկային գործունեությունը Երկիրը վերածում է մի աշխարհի, որն այլեւս չի կարող պատշաճորեն աջակցել մարդու ստեղծած հասարակությանը: Գիտնականները սրա մասին զգուշացնում են «մոլորակների սահմանների» տեսության նոր ուսումնասիրության մեջ։ Այն հրապարակվել է Science Advances ամսագրում։
Մոլորակների սահմանների համակարգը առաջին անգամ հայտնի դարձավ 2009 թվականին։ Ըստ այդ համակարգի՝ կան 9 սահմաններ, որոնք չի կարելի անցնել, քանի որ մարդկանց կողմից դրանց վրա ուժեղ ազդեցությունը կհանգեցնի շրջակա միջավայրի անդառնալի փոփոխությունների։ Երկիրն այլեւս չի կարողանա ինքնուրույն վերականգնվել, ինքնակարգավորումը կխախտվի։ Արդյունքը աղետն է՝ մոլորակը կդառնա անբնակելի։
«Դա նման է արյան ճնշման: Եթե ձեր զարկերակային ճնշումը 120/80-ից բարձր է, դա չի երաշխավորում, որ կունենաք սրտի կաթված, բայց դա մեծացնում է այն ունենալու ռիսկը: Այսպիսով՝ մենք փորձում ենք նվազեցնել այն»,- ասում է Կոպենհագենի համալսարանի երկրային համակարգերի մասնագետ Քեթրին Ռիչարդսոնը, որը ղեկավարել է նոր հետազոտությունը:
Ըստ վերջին տվյալների՝ երկրացիները հատել են մոլորակների 9 սահմաններից 6-ը՝ կենսաերկրաքիմիական փոփոխություններ (մոլորակի վրա ֆոսֆորի եւ ազոտի պարունակության խախտում), կենսաբազմազանության կորուստ, կլիմայի փոփոխություն, քաղցրահամ ջրի համաշխարհային սպառման խնդիրը, հողօգտագործման ավելցուկ (անտառների կորուստ), քիմիական աղտոտում:
Բայց կա նաեւ լավ նորություն։ Մոլորակների երեք սահմանները դեռ հարաբերականորեն կարգին են՝ օվկիանոսի թթվայնացում, մթնոլորտային աերոզոլային բեռնվածություն եւ օզոնի քայքայում: Մարդկությունը դեռ չի սպառել նրանց համար սահմանված սահմանները։ Բայց հնարավոր է, որ իրավիճակը հետագայում փոխվի։